«Ով բախում է, նրա առաջ բացվում են հաջողության դռները»
10.09.2019 | 01:27
Ամուլսարի հանքի շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության նկատմամբ պետության համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին է մեր հարցազրույցը «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Նախ, սկսենք նրանից, թե ինչպիսին է ձեր դիրքորոշումն իր մակերեսով շատ փոքր Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության թույլատրելի կամ ոչ թույլատրելի լինելու առնչությամբ:
-Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի։ Անվարան համոզմունքս է, որ Հայաստանում ամբողջ մետաղական հանքարդյունաբերությունը պետք է սահմանափակվի և թույլատրվի միայն ներքին կարիքների բավարարման չափով:
-Բնականաբար, ծագում է հետևյալ հարցը` արդյոք հնարավո՞ր է Հայաստանի Հանրապետության զարգացումն առանց մետաղական հանքարդյունաբերության, որը նախկին իշխանության օրոք ճանաչված էր որպես «զարգացման ռազմավարական ուղղություն»։
-Հարցի պատասխանը պարզելու համար դիտարկենք երեք ակնհայտորեն ճշմարիտ ու նախադրյալ դատողություններ.
ԱՌԱՋԻՆ. հայ ժողովրդի նախորդ սերունդներից ժառանգած երկրի ընդերքը և բնական պաշարները սեփականության իրավունքով պատկանում են ոչ միայն ներկա, այլև գալիք դարերի բոլո՛ր սերունդներին։ Ոչ մի բանական էակ չի կարող ժխտել այս դատողության ճշմարտացիությունը։ Հետևաբար` այսօրվա մեր սերունդը և, հատկապես, որոշում կայացնողներն իրավունք չունեն սպառելու գալիք սերունդների ունեցվածքը, ա՛յն, ինչ իրենց չի պատկանում։
Մեզանում, ցավոք, օրինավոր է համարվում դեռևս չծնված երեխայի սպանությունը՝ այն քողարկելով «հղիության արհեստական ընդհատում» արտահայտությամբ։ Իսկ ահա դեռևս չծնված, բայց հաստատապես գալիք տասնյակ, գուցե հարյուրավոր սերունդների դեռևս միջազգայնորեն չճանաչված մարդկային իրավունքների (նկատի ունենք, առաջին հերթին, կյանքի, առողջ միջավայրի և զարգացման իրավունքները) ոտնահարումներն անգամ քննարկումների առարկա չեն դարձել (մտադիր ենք առաջիկայում գալիք սերունդների մարդկային իրավունքների իրավաբանորեն ամրագրման հարցը բարձրացնել միջազգային համապատասխան կառույցներում)։ Սակայն նրանք՝ այդ սերունդները, գալու՛ են։ Եվ նրանց մարդկային իրավունքների այսօրվա բռնադատումները որևէ իրավական, առավել ևս բարոյական արդարացում չունեն։ Ներկա սերունդը հետևաբար պետք է պարզորոշ գիտակցի, որ որևէ առավելություն, արտոնություն չունի իրեն հաջորդող սերունդների նկատմամբ։ Ավելին, ներկա մեր սերունդը պարտավո՛ր է օր առաջ ստանձնել իր պատասխանատվությունը գալիք՝ ի՛ր իսկ սերունդների նկատմամբ, ճանաչել նրանց մարդկային անձեռնմխելի իրավունքները և իրավաբանորեն ձևակերպել, ամրագրել դրանք։
ԵՐԿՐՈՐԴ. Երկիր մոլորակի բնական պաշարները սահմանափակ են։ Այսչափ փոքր տարածք ունեցող Հայաստանի բնական պաշարները՝ առավել ևս։ Գոյություն չունի փորձագիտական գնահատական այն մասին, թե Հայաստանի մետաղական հանքերի այսօրվա ծավալներով շահագործման դեպքում քանի՞ տարի հետո դրանք կսպառվեն, երբ գալիք սերունդներին կմնան միայն պոչամբարներ ու անապատներ. 50, 100, գուցե 200 տարի՞ հետո։ Անշուշտ, որոշ ճշտությամբ դա հնարավոր է պարզել։ Սակայն ոչ մի փորձագետ, գիտնական կամ նույնիսկ մարգարե չի կարող իմանալ, թե երբ է լինելու մարդկության վախճանը, և դեռ քանի սերունդներ են ապրելու մեր երկրի վրա։
ԵՐՐՈՐԴ. հանքարդյունաբերությունը տնտեսության կայուն զարգացման ուղղություն չի կարող համարվել, քանի որ այն հակասում է կայուն զարգացման տեսությանը: Դեռևս 1987 թ. Բրանթլանդի հանձնաժողովը (1980-ականներին ՄԱԿ-ը ստեղծեց Բնապահպանության և զարգացման հանձնաժողով, որը հրատարակեց զեկույց «Մեր ընդհանուր ապագան» վերնագրով։ Հանձնաժողովն այդպես կոչվում է իր նախագահ, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրո Հարլիմ Բրանթլանդի անունով) «կայուն զարգացումը» սահմանել է որպես զարգացում, որը «հոգալով ներկա կարիքները, չի վտանգում ապագա սերունդների` իրենց կարիքները հոգալու հնարավորությունը»։
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»։ Այս սահմանադրական նորմը, որը թեև շատ թերի է և խմբագրման կարիք ունի, նույնպես կոպտորեն ոտնահարվում է ամեն օր։ Հանքերը մեզանում բոլորովին էլ ողջամիտ չեն օգտագործվում, այլ մսխվում են, քանի որ դրանցից շատ դեպքերում ստացվում և արտահանվում են ոչ թե մետաղական ձուլակտորներ, այլ ընդամենը խտանյութ (օրինակ` պղնձի)։ Հետևաբար «կայուն զարգացման սկզբունքով» ղեկավարվելու և «ապագա սերունդների առջև» պատասխանատվությունը հաշվի առնելու մասին որևէ խոսք լինել չի կարող։ Այս առումով ակներև է մեր՝ ներկա սերնդի կրավորական և, եկեք խոստովանենք, ոչ բարոյական կեցվածքը։ Թույլ ենք տալիս դեռևս չծնված մարդու սպանությունը, որի երեսը չենք տեսել, նրան չենք ճանաչում, և նմանապես ոչնչացնում, մսխում ենք ապրելու ու զարգանալու պայմանները գալիք սերունդների, որոնց նույնպես չենք տեսել ու չենք ճանաչում։
-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունն իրավաչափ չէ, հակասահմանադրական է և շարունակաբար խախտում է ներկա ու գալիք սերունդների մարդկային անկապտելի իրավունքները։
-Այո: Մետաղական հանքարդյունաբերությունը Հայաստանում ուղղակիորեն հակասում է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման 3-րդ (առողջ կյանքի ապահովման), 13-րդ (կլիմայի փոփոխության դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու) և 15-րդ (էկոհամակարգերի պաշտպանության, վերականգնման և կայուն կառավարման) նպատակներին: Մինչդեռ, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, պարտավորվել են մինչև 2030 թ. հասնել այդ նպատակներին։
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդիրը կամ նրա նկատմամբ իշխանությունների ճիշտ մոտեցումը կարող է շահեկանորեն շրջադարձային նշանակություն ունենալ մեր երկրի մետաղական ամբողջ հանքարդյունաբերության համար։ Ավելո՛րդ են փորձագիտական նոր ուսումնասիրություններն ու նոր միջոցների ծախսումը։ Ամուլսարի շահագործման արգելման և, ընդհանրապես, Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության սահմանափակման պարագայում բյուջեի մուտքերի անխուսափելի նվազումը (ըստ hetq.am կայքէջի, միայն պղնձի արտահանումը կազմում է երկրի արտահանման մոտ մեկ քառորդը) էական գործոն չեն ներկա ու գալիք սերունդների կայուն զարգացման և գոյատևման պայմանների նկատմամբ հարաճուն սպառնալիքների համեմատ։ Հարկ է իրավիճակը սթափ գնահատել, խորամտորեն ու հեռատեսորեն կայացնել ճիշտ որոշում:
-Ձեր ներկայացրած այս փաստերից ու դատողություններից անխուսափելիորեն ի՞նչ եզրակացություն կամ առաջարկ է բխում:
-Անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց, դրան համապատասխան, աստիճանաբար նվազեցնել մետաղական հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում, ի վերջո, այն թույլատրելով միայն մեր ռազմական արդյունաբերության, հարակից ճյուղերի զարգացման և ներքին մյուս կարիքների բավարարման համար անհրաժեշտ չափով։ Հենց դա՛ կլինի Սահմանադրության 12-րդ հոդվածով նախատեսված «կայուն զարգացման սկզբունքով ղեկավարվելով» բնական պաշարների «ողջամիտ» օգտագործումը։
Պետք է ոչ թե սպառողական, մսխողական տնտեսություն վարելով սպասել, թե երբ կսպառվեն ընդերքի վերջին կիլոգրամ ոսկին ու պղինձը, որպեսզի մտածենք, թե այդուհետ ինչպես պիտի ապրենք, կամ, Աստված մի արասցե, ուր պիտի արտագաղթենք, այլ այսօր իսկ հարկ է զարգացնել տնտեսությունը՝ բոլոր հաշվարկներից հանելով ոչ միայն մեզ, այլև մեր սերունդներին պատկանող ընդերքը։
Որոշ երկրներ իրենց անապատներն են վերածում զարգացած բնակավայրերի։ Եկեք մեր ավետյաց երկիրն անկենդան անապատի չվերածենք, այլ առավել ևս զարգացնենք այն։ Կա՛ դրա ելքը, կա՛ն դրա ճանապարհները, քանզի ով փնտրում է, նա գտնում է այդ ճանապարհները, և ով բախում է, նրա առաջ բացվում են հաջողության դռները։
Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4
- Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ
- Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 3
- Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 2
- Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է
- Իրանի դեմ ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի մեծ պատերազմն արդեն սկսված է. ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, հայերիս
- Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումից առաջ Աննայի «բաժանությամբ» նախապատրաստվում է երկրից Նիկոլի ընտանիքի հեռացումը
- Վաղը կարող է բախտորոշ լինել մի շարք երկրների ու գուցե նույնիսկ ողջ աշխարհի համար. Վոլֆ Մեսինգի կամ նրան վերագրվող սարսափելի կանխատեսումը. 2
- Վաղը կարող է բախտորոշ լինել մի շարք երկրների ու գուցե նույնիսկ ողջ աշխարհի համար. Վոլֆ Մեսինգի կամ նրան վերագրվող սարսափելի կանխատեսումը
- Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր ժամկետը, և ինչ էր պետք դա թույլ չտալու համար
- Իրանի վրա ԱՄՆ-ի գրեթե անխուսափելի հարձակումը. մեծ պատերազմը մեր դռան շեմին է ու կարող է նույնիսկ ներս մտնել. 2
- Իրանի վրա ԱՄՆ-ի գրեթե անխուսափելի հարձակումը. մեծ պատերազմը մեր դռան շեմին է ու կարող է նույնիսկ ներս մտնել
- Իսրայելը պատրաստվում է պատերազմի, ԱՄՆ-ում արդեն պատրաստ են շաբաթ կամ կիրակի Իրանին հարվածելու, ՌԴ-ն իր ռազմանավն է ուղարկել Իրանի ափեր
- Նիկոլ հայադավի և տիրադավերի ռուբիկոնը, և ոչ միայն նրանց, այլև նրանց հետևող բոլոր զոմբիացված, մոլորված, ինչպես նաև կեղծ քրիստոնյաների
- ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան լրատվական կայքի, Իրանի հետ պատերազմին ավելի մոտ է, քան կարծում են շատերը
- Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հարցը դեռ մնում է օդում կախված. Թեհրանի դիվանագիտությունն ապշեցնում է իր ողջախոհությամբ ու հեռատեսությամբ
- Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը
- ԱՄՆ-ը գնալով սաստկացնում է իր սպառնալիքն Իրանին. քննարկվում է Իրանին հարվածելու սցենարը
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 3
- Հայ եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը
Մեկնաբանություններ